ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը այսօր ստանձնում է իր պարտականությունները Սիրիայում։ Անկարան 13 տարի անց կրկին ներկայացված կլինի Դամասկոսում դեսպանի մակարդակով։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։
Յըլմազին Դամասկոսում դեսպան նշանակելու մասին հայտարարվել էր հոկտեմբերին, նոյեմբերին նրան այդ պաշտոնում հաստատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուի լիազորությունների ժամկետի ավարտից հետո Անկարան 13 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացված կլինի Դամասկոսում դեսպանի մակարդակով», - գրում է թերթը։
2013 թվականին Յըլմազը ծառայության էր անցել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում, որտեղ մինչև 2023 թվականը աշխատել է ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ 2023 թվականի հունիսին Ֆիդանին արտգործնախարար նշանակելուց հետո Յըլմազը տեղափոխվեց ԱԳՆ՝ զբաղեցնելով նախարարի գլխավոր խորհրդականի և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահի պաշտոնները։