ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել 48 ամերիկյան դեսպանների, որոնք աշխատել են Աֆրիկայի, Ասիայի, Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում: Այս մասին հայտնում է «New York Post»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին։
Կադրային որոշումների պատճառները պաշտոնապես չեն նշվում։ Միաժամանակ ասվում է, որ ռոտացիայի տակ հայտնված դիվանագետները կպահպանեն դիվանագիտական ծառայության աշխատակիցների կարգավիճակը։ Վաշինգտոն վերադառնալուց հետո նախատեսվում է նրանց նոր պաշտոնների նշանակել։
Պարբերականի աղբյուրն ընդգծել է, որ նման քայլերը ցանկացած նոր վարչակազմի համար ստանդարտ են։ Նրա խոսքով՝ դեսպանները հանդես են գալիս որպես նախագահի անձնական ներկայացուցիչներ, և պետության ղեկավարն իրավունք ունի արտասահմանում նշանակել այնպիսի անձանց, որոնք կիսում և առաջ են տանում «Առաջին հերթին Ամերիկան» գիծը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել ղեկավար պաշտոններ զբաղեցնող գրեթե 30 դիվանագետների: Նրանց ծանուցագրեր են ուղարկվել հունվարին զբաղեցրած պաշտոններում ծառայության ժամկետն ավարտելու մասին։