ԵՐԵՎԱՆ,22 դեկտեմբերի - Sputnik. Գեղասահքի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան վստահ է, որ Ռուսաստանի առաջնությունում հաղթած Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը լավ մարզավիճակում են և 2026 թվականի Օլիմպիական խաղերին կմոտենան պատրաստվածության ավելի բարձր մակարդակով: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
Ադելիա Պետրոսյանը դեկտեմբերի 20-ին երկու ծրագրերի հանրագումարով ստացել է 235,95 միավոր և պաշտպանել Ռուսաստանի չեմպիոնի կոչումը: Դեկտեմբերի 21-ին երկու ծրագրերի հանրագումարով Գումեննիկը հավաքել է 304,95 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։
«Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը հիմա չպետք է առավելագույնս պատրաստ լինեն Միլանի Օլիմպիական խաղերին։ Նրանք պետք է շատ լավ պատրաստ լինեն փետրվարի կեսերին։ Հիմա նրանք լավ մարզավիճակում են, իսկ փետրվարին ավելի լավ պատրաստված կլինեն», - ասել է Տարասովան։
«Հիմա նրանց համար գլխավորն այն է, որ չհիվանդանան», - հավելել է Տարասովան:
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանն ու Պյոտր Գումեննիկը սեպտեմբերին հաջողությամբ հաղթահարել են Պեկինի մրցաշարի որակավորման փուլը: Միջազգային օլիմպիական կոմիտեն գեղասահորդներին Օլիմպիական խաղերում հանդես գալու պաշտոնական հրավեր է ուղարկել, որը մարզիկներն ընդունել են: