ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը։
ՌԴ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։
Հայաստանի վարչապետը պատմական իրադարձություն է անվանել այն, որ Ռուսաստանից սկսել են գնացներ գալ Հայաստան Ադրբեջանի տարածքով` կրկին նշելով, որ օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,– ընդգծել է Փաշինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ այսօր` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: