Գուգարք գյուղում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 02:15-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Լոռու մարզի Գուգարք գյուղի տներից մեկում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ահազանգը ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 23։43-ի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարների փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 22-ին, ժամը 00:49-ին, մարվել՝ 02:15-ին: Այրվել են խոհանոցի և հյուրասենյակի փայտե առաստաղը (ընդհանուր մոտ 18 քմ) և ջերմահարվել տանիքը։
Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։