ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Երևանում 2026 թվականին կշարունակվի խմելու ջրի որակի բարելավման ծրագիրը, այս անգամ՝ 7 վարչական շրջանում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։
«2025թ. ներկայացվել էր ծրագիր՝ 4 վարչական շրջանում՝ 118 կմ երկարությամբ, խմելու ջրի որակի բարելավման համար։ Այն ներառում է ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացում, տնային միացումների ապահովում, ջրաչափական հանգույցների տեղադրում։ Այս ծրագիրն իրենից ներկայացնում է 7,1 մլրդ դրամի ծավալի աշխատանք։ Աշխատանքների գերակշիռ մասը կավարտվի 2026-ին, ունենք 13.5 հազար բաժանորդի ջրամատակարարման բարելավման արդյունք»,- նշեց Արեյանը։
Նրա խոսքով՝ ջրային կոմիտեն էլ նոր ծրագիր է ներկայացրել, ինչը կմեկնարկի 2026 թվականին 7 վարչական շրջանում (91,6 կմ)՝ 10550 բաժանորդի համար, 5,7 մլրդ դրամ ծավալով։
Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ կոյուղատար համակարգի արդիականացմամբ արդեն սկսել է կառավարությունը զբաղվել, այսինքն՝ քաղաքապետարանն արդեն միայն վթարային ծանր դեպքերով է զբաղվում: Շեշտեց՝ այդ մասով քաղաքային բյուջեի ծանրաբեռնվածությունը որոշակիորեն նվազել է։ Ավինյանը նշեց նաև, որ հեղեղատար համակարգերի հետ կապված դեռևս խնդիրներ կան. մոտ 10 մլրդ դրամի մասին է խոսքը։