Իսրայելը հավանություն է տվել Արևմտյան ափի 19 բնակավայրերի կարգավիճակի մասին որոշմանը

Իսրայելի զինվորներ. Արխիվային լուսանկար
2025-ի հուլիսի վերջին Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Հորդանան գետի արևմտյան ափը բռնակցելու օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը այսօրհավանություն է տվել ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի առաջարկին՝ Հրեաստանում և Սամարիայում 19 նոր բնակավայրերի կարգավիճակի ճանաչման և կարգավորման վերաբերյալ, հայտնում է 9tv.co.il-ը։
«Խոսքը տարածաշրջանում իսրայելական ներկայության համար ռազմավարական նշանակություն ունեցող կետերի մասին է։ Հիմնական որոշումներից մեկը Սամարիայի հյուսիսում Ղանիմ և Կադիմ բնակավայրերի վերականգնումն էր։ Այս բնակավայրերը տարհանվել են մոտ 20 տարի առաջ՝ սահմանազատման ծրագրի իրականացման ժամանակ», - ասվում է հրապարակման մեջ։
2025-ի մայիսին կաբինետն արդեն հավանություն էր տվել Հոմեշ և Սա-Նուր բնակավայրերին կարգավիճակի վերադարձին։
«Այս 19 բնակավայրերը լրացնում են նախկինում ճանաչված և օրինականացված 50 բնակավայրերը։ Այսպիսով, վերջին երեք տարվա ընթացքում Հրեաստանում և Սամարիայում պաշտոնական կարգավիճակ են ստացել 69 նոր բնակավայրեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր ժամանակների համար», – ասվում է հոդվածում։
Սմոտրիչը, մեկնաբանելով որոշումը, հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է պատմություն կերտել բնակեցման քաղաքականության ոլորտում:
Նրա կարծիքով՝ այդ քայլերը խոչընդոտում են «պաղեստինյան ահաբեկչական պետության» ստեղծմանը և «տարածքի նկատմամբ վերահսկողության ամրապնդման սիոնիստական մոտեցման մաս են կազմում»:
Հիշեցնենք, որ 2025-ի հուլիսի վերջին Իսրայելի Քնեսեթը քվեարկել էր Հորդանան գետի արևմտյան ափը բռնակցելու օգտին։ Բանաձևը, որում ասվում է, որ այդ տարածքները «հրեա ժողովրդի պատմական, մշակութային և հոգևոր հայրենիքի անբաժանելի մասն են», ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Դրա օգտին քվեարկել է 71 պատգամավոր։ Քնեսեթը կոչ է արել կառավարությանը «հնարավորինս շուտ սկսել Իսրայելի ինքնիշխանության, օրենքի, իրավասության և կառավարման տարածման աշխատանքները» Հրեաստանի, Սամարիայի և Հորդանանի հովտի հրեական բնակավայրերի բոլոր տարածքների և ձևերի վրա։