Ինչու են Հայաստանում ազգային ուղղվածություն ունեցող ուժերին անվանում ռուսամետ. քաղաքագետ

Sputnik
Ուկրաինայի ուղղությամբ Թրամփի ակտիվության ֆոնին Արևմուտքն ակնկալում է Հարավային Կովկասի երկրները Ռուսաստանից հեռացնելու «հնարավորությունների պատուհան» բացել։ Ռուսաստանցի քաղաքագետ Մովսես Ղազարյանն այս տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հաղորդաշարի եթերում։

Հայաստանի ԱԺ առաջիկա ընտրություններից շատ բան է կախված հենց տարածաշրջանում

«Պետք է հաշվի առնել, որ հիմա արևմտյան վեկտորի զարգացումը Հարավային Կովկասում որոշակիորեն արգելակված է։ Վրաստանն ամենևին էլ արևմտյան արժեքների նախանձախնդիր կողմնակից չէ. չի կարելի նրան հրամայել, որ «փոքր պատերազմ» սկսի Ռուսաստանի հետ, ինչպես դա եղավ 2008 թվականին։ Ադրբեջանը, չնայած ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման միտումներին, չի համարձակվում խախտել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարմիր գծերը։ Մնում է Հայաստանը, որտեղ կարելի է հակառուսական նարատիվ ծավալել, իսկ Մոսկվան, պատկերավոր ասած, դրա համար «չի պատժի»», - պնդում է ռուսաստանցի քաղաքագետ Մովսես Ղազարյանը։
Փորձագետի խոսքով՝ իրադարձությունների այս շղթայի գործոններից մեկը ներհայաստանյան իրավիճակն է։ Բանն այն է, որ գալիք տարում Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, կորոշեն ինչպես հետագա արտաքին քաղաքական ուղեգիծը, այնպես էլ առաջիկա մի քանի տարիների ներքաղաքական միտումները: Բացի այդ, ընտրությունների արդյունքներից մեծապես կախված կլինեն նաև տարածաշրջանային հնարավոր մետամորֆոզները։
«Տպավորություն է ստեղծվում, որ կոնկրետ Հարավային Կովկասի հետ կապված արևմտյան ինչ-որ քայլերի ամրագրման համար արդեն մոտ ապագայում պետք է ակնկալել տարածաշրջանում գործող արևմտյան բոլոր կառույցների քարոզչական աշխատանքի կտրուկ ակտիվացում, - ասում է Ղազարյանը: - Եվ հենց Հայաստանի մասով Արևմուտքում սկսել են մշակել նոր, ավելի ծավալուն և հեռահար ծրագրեր»։

Թուրքիայի միջոցով Բրիտանիան թուրքամետ խճանկար է հավաքում, և նրան պետք է Հայաստանը

Քաղաքագետը, վկայակոչելով արևմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչներից և ստրատեգներից մեկի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ ձևավորվող պանթյուրքիստական խճանկարում պակասում է մի կարևոր օբյեկտ՝ Հայաստանը, զարմանում է՝ ինչպես կարելի է ուղիղ, առանց այլևայլությունների խոսել Հայաստանի մասին՝ որպես մի տարրի, որն այդքան կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև Բրիտանիայի ծրագրերի ու նախագծերի իրականացման համար։ Չէ՞ որ հասկանալի է, որ թյուրքական նախագիծը կանխատեսում է և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Կենտրոնական Ասիայում ամրապնդվելու Լոնդոնի ձգտումը։
«Խնդիրների այս ամբողջության հետ կապված կա մի շատ հետաքրքիր հանգամանք ևս։ Հենց հիմա արևմտյան ստրատեգները հստակ ըմբռնում են, որ Հայաստանի ներսում տեղի ունեցող և վարչապետի ու նրա իշխող թիմի հետ կապված էքսցեսներն ակնհայտորեն վկայում են մի բան` ցանկացած ազգային ուղղվածություն ունեցող ուժերի իշխանության գալը կարող է դրական դեր խաղալ հայկական ազգային շահերի և հայ-ռուսական համագործակցության շահերի համար», - նկատում է քաղաքագետը։
Փորձագետը Հայաստանում ստեղծված իրավիճակը համեմատում է 2013-2015 թվականներին տեղի ունեցած ուկրաինական ներքաղաքական դեպքերի հետ։ Հենց այդ ժամանակ Արևմուտքը գործադրեց բոլոր ուժերը, որպեսզի թույլ չտա` երկրում իշխանության հասնեն կառուցողական ուժեր, որոնք կարող էին չեզոքացնել ուկրաինական հասարակության այն կոնֆլիկտային ներուժը, որն արդեն 2022 թվականին բերեց մեծ պատերազմի։

Սադրանքն ուղղված է լինելու Մոսկվայի և ազգային ուղղվածություն ունեցող ուժերի դեմ

Ղազարյանը պնդում է՝ հենց այդ համատեքստում պետք է դիտարկել նաև այն հանգամանքը, որ կտրուկ ակտիվացել են արևմտյան հատուկ ծառայությունների շփումները հայ գործընկերների հետ։ Եվ ոչ միայն Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների և տեղեկատվության փոխանակման մակարդակով։ «Կանխատեսում եմ, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում ինչ-որ ներքաղաքական սադրանք կլինի Հայաստանում, - համոզված է փորձագետը։ - Եվ դա կուղղվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ երկրի ազգային ուղղվածություն ունեցող ուժերի դեմ»։
«Նման սադրանքը պետք է ցույց տա տարածաշրջանային գործընթացներում ոչ միայն Ռուսաստանի և ռուսամետ ուժերի իբր ապակառուցողական դերը, այլ նաև կեղծ տպավորություն ստեղծի, թե Հայաստանում ազգային ուղղվածություն ունեցող ուժերը ռուսամետ տարրեր են,-համոզված է Ղազարյանը: - Իսկ իրականում խոսքն այն ուժերի մասին է, որոնք գործում են կոնկրետ երկրի անկախության ու սուբյեկտայնության դեմ»։
Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանը կնախընտրեր համագործակցել հենց այդպիսի` ազգային ուղղվածություն ունեցող ուժերի հետ։ «Մոսկվային ոչ թե վասալներ ու արբանյակներ են պետք, այլ հավասար դաշնակիցներ ու գործընկերներ՝ ուժեր, որոնք կարող են քննադատաբար վերաբերվել նաև որոշակի իրավիճակների։ Չի բացառվում, որ այդ սադրիչ քայլերի շրջանակում արդեն ուղիղ հարվածներ հասցվեն Հայ առաքելական եկեղեցուն», - նշում է նա։
Ավելի վաղ Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը «Իրականում» հաղորդաշարի եթերում կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում Հարավային Կովկասը դուրս թողնել իր կառչուն ձեռքերից