ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Մալաթիայի ոսկու շուկայի տնօրեն Զոհրաբ Ասատրյանի աշխատասենյակում ընդհանուր առմամբ հայտնաբերվել 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգվածով և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։ Մանրամասները հայտնել է shamshyan.com–ը։
Ավելի վաղ Sputnik Արմենիային Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է։ Քննչականը քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Նշենք, որ Զոհրաբ Ասատրյանը ՀՀԿ- ական նախկին պատգամավոր Հակոբ Հաբոյանի (Լեդի Հակոբ) ազգական է։
Կայքը փոխանցում է, որ Ասատրյանի բնակության վայրի Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։
Զոհրաբ Ասատրյանի «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։