ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, եթե կա փոխադարձ քաղաքական կամք: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի առաջիկա շաբաթներին վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահի հետ:
«Նա (Մակրոնը – խմբ.) Պուտինի հետ զրուցելու պատրաստակամություն է հայտնել։ Այստեղ շատ կարևոր է հիշել այն, ինչ ասել է նախագահը ուղիղ եթերով։ Նա նույնպես պատրաստակամություն է հայտնել երկխոսություն վարել Մակրոնի հետ։ Այդ պատճառով, եթե կա փոխադարձ քաղաքական կամք, ապա դա կարելի է միայն դրական գնահատել», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հույս ունի՝ Եվրոպան կվերադառնա Մոսկվայի հետ երկխոսությանը՝ նշելով, որ նման գործընթացը կդառնա անխուսափելի եվրոպական էլիտաների փոփոխության հետ մեկտեղ։