Բաքվի հետ հարաբերությունները նոր հնարավորություն են. Փաշինյանը` ԵԱՏՄ նիստի ժամանակ

Հայաստանի վարչապետը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ տարանցման ապաշրջափակման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ հարաբերություններում կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ուշադրություն հրավիրեց առևտրատրանսպորտային համագործակցության զարգացման հեռանկարների վրա՝ հիմնված փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների վրա։
«Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նպաստում են տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Այս կապակցությամբ երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման ապաշրջափակման որոշման և երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։ Սա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում առաջին կարևորագույն ձեռքբերումներից մեկն է», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում գործնական փոխգործակցության զգալի փորձ է կուտակվել։ Այս համատեքստում, ըստ Փաշինյանի, երկրները ձևավորում են տնտեսական գործակցության հետագա զարգացման ուղենիշները՝ հիմնվելով ձեռք բերված արդյունքների վրա։
«Եվ տվյալ փուլում սկզբունքորեն կարևոր է ապահովել վերազգային մեխանիզմների կիրառման և այն ոլորտների հստակ տարանջատումը, որտեղ պահպանվում է ազգային իրավասությունների ու ինքնիշխան որոշումների առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը», - ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նշել, որ ընթացիկ տարին առանձնահատուկ նշանակություն է ունեցել ԵԱՏՄ միջազգային համագործակցության համար։ Նրա խոսքով` ընդլայնվել է փոխգործակցությունը առանցքային գործընկերների՝ Իրանի, ԱՄԷ-ի, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչը նոր շուկաներ է բացել, որը նպաստում է արտահանման ու ներմուծման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև ամրապնդում է ԵԱՏՄ դիրքերը համաշխարհային տնտեսությունում։
«Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես առանձնահատուկ նշանակություն է տալիս այն պետություն-դիտորդների հետ կառուցողական երկխոսության զարգացմանը, որոնք կայուն հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության նկատմամբ: Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումը ինտեգրման առաջնահերթ խնդիրներից մեկն է։Սա նշանակում է արգելքների հետևողական վերացում, թվայնացում և կարգավորող ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև հավասար պայմանների ստեղծում տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար»,– նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև ծառայությունների ոլորտին, որը ձևավորում է ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։
«Ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը բարձրացնում է մատակարարների որակն ու մրցունակությունը, պարզեցնում է ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ պայմաններ բիզնեսի վարման համար: Երևանում կարծում են, որ այս ուղղության զարգացումը պետք է ընթանա ավելի դինամիկ, քանի որ այն ուղղակիորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա»,– շարունակեց նա։
ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով՝ ոչ պակաս կարևոր ուղղություն է թվայնացումը: Նա հիշեցրեց, որ այս տարի կոնսենսուս է ձեռք բերվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ:
«Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնական, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, իսկ մի շարք մեխանիզմներ արդեն իսկ ներդրվում են՝ շուկայի մասնակիցների համար ստեղծելով կանխատեսելի պայմաններ»,– ավելացրեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ այս համատեքստում ընթացիկ տարում ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից է դարձել ապրանքների շարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումը: Մակնշման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ մեկտեղ, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության կրճատմանը:
«Այս միջոցառումներն ուղղված են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վրա վարչարարական բեռը: Զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտ և ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսության մեջ ունենում է զբոսաշրջության ոլորտը, և այսօր ընդունված զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը», - ընդգծել է վարչապետը:
Եզրափակելով՝ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ տարածաշրջանում տնտեսական կայունության և կայուն զարգացման:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Նա դեկտեմբերի 21-ին կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններին. Վլադիմիր Պուտին