ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին հարվածներ հասցնելը։ Նրա խոսքով՝ համապատասխան գործողությունը կրում է «Ճուռակի հարված» անվանումը։
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Սիրիայում հարվածներ հասցնել ԻՊ-ին:
«Սա պատերազմի սկիզբ չէ, այլ վրեժխնդրության ակտ», - «X» սոցիալական ցանցում գրել է Հեգսեթը:
Ինչպես հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, Պենտագոնն ավելի քան 100 բարձր ճշգրտության հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի 70 թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան անցյալ շաբաթ Պալմիրայում երկու ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանության:
«Hawkeye Strike» գործողությանը, որը սկսվել է նախօրեին՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը16:00-ին, ներգրավվել են F-15 կործանիչներ, A-10 գրոհիչներ և ուղղաթիռներ, ինչպես նաև HIMARS բարձր շարժունակության հրետանային հրթիռային համալիրներ: Դրան մասնակցել են նաև Հորդանանի ռազմաօդային ուժերի կործանիչներ։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում գրել է.
«Սույնով հայտարարում եմ, որ, ինչպես և խոստացել էի, Միացյալ Նահանգները շատ լուրջ հարված է հասցնում ահաբեկիչ մարդասպաններին»:
Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան և սիրիական զինծառայողները հարձակման են ենթարկվել Սիրիայի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքի շրջանում:
Ավելի ուշ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտնեց երկու ամերիկացի զինվորականների և քաղաքացիական թարգմանչի զոհվելու մասին: