Պահանջում ենք հստակ ժամկետ ասել․ ֆինանսական խարդախության զոհերն ակցիան են անում ՔԿ–ի մոտ

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են քննչական մարմինների կատարած աշխատանքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ֆինանսական խարդախության զոհ դարձած անձինք իրենց փաստաբանի հետ ՀՀ քննչական կոմիտեից պահանջում են հստակ ժամկետ ասել՝ երբ կվերադարձվեն իրենց գումարները։ ՔԿ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
Զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության, քննչական կոմիտեի և տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Վերջին անգամ նրանք դեկտեմբերի 16-ին էին հավաքվել ՔԿ–ի մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։
«Պահանջում ենք, որ քննչական կոմիտեն հստակ ժամկետ ասի, թե երբվանից և ինչ մեխանիզմներով պետք է վերադարձվեն ֆինանսական խարդախության հետևանքով կորզված գումարները։ Չենք պատրաստվում ամբողջ կյանքում սպասել։ Մենք հայտարարել ենք՝ չպետք է հանցագործությունների բացահայտումը կապվի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնման հետ։ Պետությունը պարտավոր է կանխարգելել այս հանցագործությունները»,- նշեց Կարագյոզյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ վերջին 2 օրվա ընթացքում իրենց կազմակերպություն տասնյակ անձինք են դիմել նույն խնդրով։ Այդ բողոքները դիմումների են վերածել, այժմ էլ հանցագործության մասին հաղորդումներ կներկայացնեն ՔԿ։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ տուժել է «Trustwallet» հարթակից, որը զբաղվում է կրիպտոարժույթի առուվաճառքով։ Քաղաքացին ընդգծեց, որ իրեն արտասահմանյան համարներով են զանգել ու խոսել կրիպտոարժույթով գործարքների, ներդրումներ անելու, ինչպես նաև դասընթացների մասնակցելու մասին։ Սկզբում նա մերժել է բոլոր առաջարկները։
«Սկզբում կասկածներ ունեի, բայց հետո տեսա երկրի առաջին դեմքերի մոտ գովազդներ (ՆԳՆ–ն, ԿԲ–ն և ոլորտի մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ դրանք կեղծ են. խմբ)։ Ինձ մոտ դա հավատ ներշնչեց, որովհետև, մտածում էի` եթե խնդիր լիներ, ինչպես կարող էին իրավապահները դա չտեսնել։ Առաջին օրը 100 դոլար ներդրել էի, 7500 դրամ «Ամերիաբանկի» իմ հաշվին գումար նստեց։ Հետո առաջարկեցին 2000 դոլար ներդնել, ուղղակի այդքան գումար չունեի։ «Whatsapp» հավելվածի միջոցով էի իրենց հետ կապ պահում, այդ ժամանակ ինձ օգնեցին օնլայն վարկ ձևակերպել՝ 4,5 մլն դրամի։ Ընդհանուր 7,5 մլն դրամ գումար եմ կորցրել»,- ասաց ֆինանսական զեղծարարության զոհ դարձած քաղաքացին։
Հիշեցնենք` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված, և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, բայց բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
Գումար կորզելը միջանկյալ քայլ է. Մարտիրոսյանը՝ առցանց խարդախության նոր տեսակի մասին