Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության. «Ժողովուրդ»

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարին հարցաքննության են հրավիրել Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի աղբյուրը հայտնել է, որ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարին հարցաքննության են հրավիրել Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով, ընդ որում՝ առերես հարցաքննության:
«Ըստ նախաքննական մարմնի՝ դեռևս 2015-2016 թվականներին Նորքի զինված խմբի առանձին անդամների նկատմամբ ԱԱԾ-ում ճնշում է գործադրվել, որի արդյունքում էլ տրվել են խմբին մերկացնող ցուցմունքներ: Ու քանի որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն էր, նրան են հրավիրել հարցաքննության»,– նշում է «Ժողովուրդը»:
Լրատվամիջոցը Համբարձումյանին խնդրել է մեկնաբանել այս տեղեկությունները, բայց նա ընդամենը ասել է` ուրախ է, որ դեռևս կան ազնիվ մարդիկ, որոնք անձնական կամ այլ շահերով պայմանավորված` չեն գնում զրպարտության, ստի:
«Այս պատասխանից կարող ենք եզրակացնել, որ մեր տեղեկությունները, այնուամենայնիվ, ճիշտ են, և կատարվել է առերես հարցաքննություն, որի ընթացքում տրվել են Միքայել Համբարձումյանի վերաբերյալ մեղքը ժխտող ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված՝ նա փաստում է այդ անձանց ազնվության մասին»,– նշել է թերթը։
Հիշեցնենք` 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Նորք–Մարաշում զինված խումբ է վնասազերծվել, որը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը` թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել պետական կառավարման համակարգի կառույցների` ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:
Արթուր Վարդանյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման, Վահան Շիրխանյանին համաներում շնորհվեց