ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը երկու շաբաթում ձերբակալել է 170 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:
«ԻՊ-ի դեմ գործողության արդյունքում 32 նահանգում ձերբակալվել է 170 կասկածյալ` ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու և դրա կազմում նախկինում գործունեություն ծավալելու համար», - գրել Է նախարարը X սոցցանցում:
Նրա խոսքով՝ ձերբակալություններն իրականացվել են Ստամբուլում, Անկարայում և երկրի այլ նահանգներում: Դատարանը 10–ի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել, մյուսների նկատմամբ քննչական միջոցառումները շարունակվում են: