ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Նա այդ մասին հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես խնդրել եմ ՌԴ մեր գործընկերներին շտապ կարգով զբաղվել երկաթուղու՝ Երասխից դեպի Նախիջևան և Ախուրիկի հատվածի (մինչև Թուրքիա) ամբողջական վերականգնմամբ։ Կարծում եմ՝ շուտով նույն հարցը կբարձրացնեմ նաև Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը ևս հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Հույս ունեմ, որ ռուսաստանցի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է TRIPP-ին Ռուսաստանին հնարավոր մասնակցությանը, Փաշինյանը նշեց՝ դա Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։