ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը տպավորված չէ ՀՀ զինված ուժերի դաշտային նոր համազգեստի օրինակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ Հայկական բանակի համազգեստը ժամանակին ընտրվել է հանձնաժողովի կողմից այնպիսի գույներով, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքին։
Նշենք, որ նախօրեին՝ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նրան է ներկայացնում հայկական բանակի նոր համազգեստի նմուշները։
«Եթե նկատել եք՝ նույնիսկ Երևան քաղաքում այսօրվա համազգեստով քայլող զինվորականներն են նույնիսկ աննկատ»,- նշում է Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է նոր համազգեստը «հայկական կամուֆլյաժ»։
Առաջարկվող համազգեստին գնահատական տալ չի շտապում, ասում է՝ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, հասկանա՝ ինչի համար է այսպես արվում, բացի այդ այն պետք է դիտարկել ամբողջության մաս, այսինքն՝ սաղավարտ, զրահաբաճկոն և այլն։
Դիտարկումները, թե նոր համազգեստը պետք է նման լինի ՆԱՏՕ-ի բանակների համազգեստներին, Օհանյանի համար մի քիչ տարակուսելի է։ Ասում է՝ ՆԱՏՕ-ի շատ բանակների համազգեստներ գիտի, բայց նման համազգեստի չի հանդիպել։
«Համազգեստը պետք է ներկայացնի տվյալ ժողովրդի, ազգի բանակը, իսկ այս համազգեստով չես կարող պատկերացում կազմել: Դրա համար էլ շատերն են ասում՝ կարծես ձկնորսի համազգեստ է։ Բացի այդ ներկայացված գլխարկներն էլ իրականում բերետներ էին, որոնք սովորաբար դաշտային գործողությունների ժամանակ չեն օգտագործվում»,- նշեց Օհանյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս փուլում համազգեստ փոխելու անհրաժեշտություն չկար, կարելի էր պարզապես գոյություն ունեցող համազգեստը, այսպես ասած, նորացնել։
Հիշեցնենք` 2023 թ.–ի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։
Ավելի ուշ նա հայտարարեց, որ նոր համազգեստը լինելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող։