ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. 2026 թվականին ամբողջությամբ կվերանորոգվեն Երևանի Ամիրյան փողոցի մայթերը: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց մայրաքաղաքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագրին։
Մայթերի վերանորոգման նպատակով Երևան համայնքի ֆոնդային բյուջեում առկա ֆինանսական միջոցների մնացորդից 477 մլն 107.9 հազար դրամ կհատկացվի:
«Ամիրյան փողոցը Երևան քաղաքի ոչ միայն ամենահին կենտրոնական և հանրապետական նշանակություն ունեցող փողոցներից է, այլ նաև քաղաքի մշակութային և տուրիստական հատվածներից մեկն է: Ամիրյան փողոցում են գտնվում մի շարք պատմամշակութային շենքեր: Բացի այդ, փողոցի երկայնքով տեղակայված են բազմաթիվ սրճարաններ, հյուրանոցներ և հուշանվերների խանութներ, որոնք Ամիրյանը դարձնում են ամենաբանուկ փողոցներից մեկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ Ամիրյանի փողոցի մայթերը վերջին մի քանի տասնամյակում չեն վերանարոգվել, միայն մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, որոնք էլ մայթը դարձրել են ոչ գրավիչ և անհարմար քաղաքացիների տեղաշարժի համար: Մայթերի ծածկը գտնվում է մաշված և ոչ համաչափ վիճակում, առկա են անհարթություններ, քայքայված սալիկներ և եզրաքարեր։ Այս իրավիճակը ոչ միայն խաթարում է փողոցի գեղագիտական տեսքը, այլ նաև զգալիորեն նվազեցնում է քաղաքացիների և զբոսաշրջիկների տեղաշարժի հարմարավետությունը: