ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Վթար է տեղի ունեցել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 18-ին, ժամը 20։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Դվին գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդն արգելափակված է»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում «Վազ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Պազ» մակնիշի ավտոբուսին»,–մանրամասնում են ՀՀ ՆԳՆ–ից:
Փրկարարները հոսանքազրկել են «Վազ» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։