ԱՄՆ-ն, Հունգարիան, Սլովակիան չեն համաձայնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Ռյուտե

Դաշինքի ղեկավարի խոսքով՝ սկզբունքային հանգամանքն այն է, որ եվրատլանտյան տարածաշրջանում ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն ունենալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ը, Հունգարիան և Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին Վարշավայում լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե խոսքը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին է, ապա այստեղ սկզբունքային և գործնական հանգամանքներ կան։ Սկզբունքայինն այն է, որ եվրատլանտյան տարածաշրջանում ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն ունենալ։ Գործնական տեսակետից՝ դաշինքի մի քանի երկրներ չեն արտահայտի իրենց համաձայնությունը, իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում չի լինի միաձայն համաձայնություն։ Այդպիսի երկրներից են ԱՄՆ-ն, Սլովակիան, Հունգարիան»,– ասել է Ռյուտեն։
Ռուսաստանի հետ հակամարտության սկզբից ի վեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը մնում է դաշինքի օրակարգի ամենազգայուններից մեկը։ Կիևը պաշտոնապես անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին, սակայն նոր անդամ ընդունելու համար պահանջվում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միաձայն համաձայնությունը:
Դաշինքի մի շարք պետություններ Ուկրաինայի անդամակցության հարցում արտահայտում են մշտական թերահավատ վերաբերմունք՝ վկայակոչելով էսկալացիայի վտանգը և շարունակվող ռազմական գործողությունները:
ԱՄՆ–ն այս պահին Ուկրաինային ՆԱՏՕ-ում չի տեսնում. Զելենսկի
Հունգարիան և Սլովակիան ավելի վաղ հայտարարել էին, որ ի հաշիվ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը չեն աջակցելու, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դաշինքին այդ երկրի անդամակցության հարցը կարող է դիտարկվել միայն հակամարտության ավարտից և բոլոր անհրաժեշտ պահանջների կատարումից հետո: