ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել ԵՄ-ից Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին՝ կանխելու ներքին գործերին միջամտությունները։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով։ Նա նշել էր, որ հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, և իրենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։
«Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է։ Այս ամենն ունի հստակ քաղաքական նպատակներ․ տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար, ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։ ԵՄ ներկայացուցիչն ասում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է ՀՀ ներքաղաքական գործընթացներին՝ ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա։ Սա արվում է բացահայտ և առանց քողարկման»,- նշել է Սաղաթելյանը։
«Հայաստան» խմբակցությունն այս ամենը գնահատում է որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել ՀՀ քաղաքական համակարգին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։
Ըստ խմբակցությանը՝ հստակ դիրքորոշում հայտնելով հնարավոր կլինի կանխել նաև ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։
Հայտարարությունում նշվում է նաև, որ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև «հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն»։