ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Սևանի ափին գտնվող ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը և ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունը չեն քանդի։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ դեկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Սևանի ափին գտնվող Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը, Վլադիմիր Գասպարյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի առանձնատները ենթակա են քանդման։ Սևանի ափին գտնվող 23 այդպիսի տուն քանդելու որոշում է կայացվել։
«Երեկ քանդվեցին միայն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող մի քանի հնամաշ տնակ՝ մետաղական, ակնհայտորեն անպիտան կառույցներ։ Աննա Վարդապետյանի կողմից հիշատակված մյուս «խոշոր» օբյեկտները՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը և ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը չեն քանդվելու ամբողջությամբ։ «Հարսնաքար» համալիրից նախատեսվում է քանդել ընդամենը 2-3 քոթեջ»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ «Հարսնաքարի» հիմնական շենքի մասով քննարկվում են այլ սցենարներ՝ այն պետականացնել, ծառայեցնել այլ նպատակների կամ վաճառել։ Նույն տրամաբանությամբ, Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը ևս նպատակ կա պետականացնելու և դարձնելու որևէ մանկական կամ կրթական կենտրոն։
Թերթը եզրահանգում է, որ Սևանի շուրջ ձևավորվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության պատկեր. մուրճը իջնում է այնտեղ, որտեղ անվտանգ է, իսկ խոշոր օբյեկտների դեպքում ապօրինությունը «վերաձևակերպվում» է պետական շահի անվան տակ»։