ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բողոքարկելու է ՔՊ վարչության որոշումը։ Նա յադ մասին այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` նշելով, որ իրենց կուսակցության կանոնադրությունն այդ հնարավորությունը տալիս է։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայկ Սարգսյանը դուրս է մնացել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակից։ Ըստ «Հրապարակ» թերթի` վարչության 21 անդամներից միայն 3–ն են կողմ եղել, որ նա լինի այդ ցուցակում։
«Իրականությունն այն է, որ կուսակցությունն ինձ հրավիրել է զրույցի, և կարճ քննարկման արդյունքում ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Այս պահին ես ունեմ երկու ճանապարհ՝ գնալ տուն և չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդը՝ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով իմ կուսակցական իրավունքը»,– ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ ինքը դեմ չի գնում կուսակցությանը, հակառակը՝ այս ամենն անում է, քանի որ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր գաղափարակից ընկերն է։
«Ես ոչ թե ցանկանում եմ անցողիկ տեղ, այլ ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական, և ունենալ ներկայանալու իրավունք, որ մեր կուսակցականներն ինձ ընտրելու հնարավորություն ունենան՝ վերլուծելով իմ գործունեությունը»,– նշեց Հայկ Սարգսյանը։
Ինչպես հայտնի է, 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կկազմվի պատվիրակների քվեարկությամբ։
Հայկ Սարգսյանը վստահ է, եթե կուսակցականներն ունենան ընտրելու հնարավորություն, ինքը կհաղթահարի անցողիկ շեմը։ Ըստ նրա` վարչությունը մերժել է, քանի որ իր օրենսդրական գործունեությամբ ոմանց «ցավեցրել է»։ Ո՞ւմ` չմանրամասնեց։