ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը Չինաստանի համար մշտապես հետաքրքրություն է ներկայացնում որպես Հարավային Կովկասի` քաղաքական առումով կայուն պետություն։ Այս գնահատականը տարիներ շարունակ անփոփոխ է մնում հայ-չինական հարաբերությունների համատեքստում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը։
Գոռ Սարգսյան
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` առաջին անգամ Հայաստանին նման բնութագիր է տվել ՀՀ–ում Չինաստանի առաջին դեսպանը դեռ 1990-ականների սկզբին, և այն մնում է արդիական՝ չնայած տարածաշրջանային և միջազգային իրավիճակի զգալի փոփոխություններին։
«Հայաստանը հետևողականորեն ներկայանում է որպես մշակութային կենտրոն, իսկ նրա հարուստ մշակութային ժառանգությունն ու մարդկային ներուժը հետաքրքրություն են առաջացնում Պեկինի համար», – նշել է նա։
Միևնույն ժամանակ Չինաստանը Հայաստանի համար կարևոր և հեռանկարային գործընկեր է մնում հումանիտար, կրթական, մշակութային և ռազմավարական ոլորտներում: Կողմերի փոխադարձ հետաքրքրվածությունն ամուր հիմք է ստեղծում երկկողմ կապերի զարգացման համար: Ինչպես ընդգծեց Սարգսյանը, Հայաստանի և Չինաստանի հարաբերություններն ավանդաբար առանձնացել են կայունությամբ և հանրային տարաձայնությունների առարկա դարձող սուր խնդիրների բացակայությամբ: Երկրների միջև երկխոսությունը կառուցվել է քաղաքակիրթ գործընկերության տրամաբանության մեջ՝ հիմնված երկու ժողովուրդների մշակութային ժառանգության նկատմամբ առկա հարգանքի վրա։
Վերջին շրջանում հայ-չինական հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի, ինչը կապված է ռազմավարական գործընկերության փուլ մտնելու հետ։ Այս փոփոխություններն արդեն գործնականում արտահայտվում են համագործակցության տարբեր ոլորտներում։ Մասնավորապես, մշակութային շփումների նկատելի ակտիվացում և չինարենն ուսումնասիրելու նկատմամբ հետաքրքրության կայուն աճ է նկատվում։
Սարգսյանի խոսքով` Կոնֆուցիոսի ինստիտուտում սովորում է շուրջ 200 ուսանող, իսկ չինարեն սովորողների ընդհանուր թիվը ինստիտուտի հետ համագործակցող դպրոցներում և բուհերում գերազանցում է4000-ը։ Համեմատության համար նշենք, որ 2015-2016 թվականներին ունկնդիրների թիվը կազմում էր ընդամենը 50-60 մարդ, որակավորման քննություններին էլ տարեկան մասնակցում էին մոտ 30-ը։
Համագործակցության խորացման լրացուցիչ ցուցիչ դարձավ հայաստանցիների շրջանում Չինաստանի առաջատար համալսարանների դիմորդների թվի աճը։ Սարգսյանի գնահատմամբ՝ սա վկայում է, որ երկկողմ հարաբերությունները դուրս են գալիս ֆորմալ փոխազդեցության շրջանակից և ձեռք են բերում երկարաժամկետ, ռազմավարական բնույթ։
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված համաձայնագրում առանձին ամրագրված են երկու երկրների գիտական և հետազոտական կենտրոնների միջև համագործակցության ընդլայնման դրույթներ: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծեց փորձագետը, այս ոլորտում համագործակցությունը սկսվել էր փաստաթղթի ստորագրումից շատ առաջ. արդեն 2021 թվականին Արևելագիտության ինստիտուտը գործող համաձայնագրեր ուներ Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի ինստիտուտների հետ։
Գոհար Իսկանդարյան
© Sputnik / Asatur Yesayants
2025 թվականին համագործակցությունը նոր փուլ մտավ։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և չինացի գործընկերների մասնակցությամբ համատեղ միջազգային կոնֆերանսներ անցկացվեցին, ինչպես նաև գիտական պատվիրակությունների փոխադարձ այցելություններ տեղի ունեցան։ 2026 թվականին Պեկինում միջազգային մեծ համաժողով է նախատեսվում։
Իսկանդարյանի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում չինագիտության ոլորտում շարունակական կրթական ուղու ձևավորմանը՝ դպրոցական մակարդակից մինչև բարձրագույն կրթություն և գիտություն։ Առաջին քայլը կլինի համագործակցության համաձայնագրի ստորագրումը Հայ-չինական բարեկամության դպրոցի, Բրյուսովի անվան Կոնֆուցիոսի ինստիտուտի և Արևելագիտության ինստիտուտի միջև։ Այս մոդելի իրագործումը թույլ կտա Չինաստանի գծով մասնագետների համակարգված վերապատրաստում իրականացնել և լիովին կհամապատասխանի Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության խնդիրներին։