ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ և ստորագրել ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։ Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական են։ Սա իր արտահայտությունն է ստանում իրականացվող համատեղ ծրագրերում, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության և դիմակայության զարգացման Լյուքսեմբուրգի աջակցության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ
© Photo : press office of MFA of RA
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի։ Մասնավորապես նշվել է նոր, հավակնոտ ռազմավարական օրակարգի իրականացմանն ուղղված մեխանիզմները պետք է ավելի արդյունավետ կիրառվեն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել զարգացնել տարբեր ձևաչափերում: Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: