ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը, քննարկել են առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ Երևանում փոխվարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։
«Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին։
Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։
© Photo : official site of the Government of RA