Չինաստանը ողջունում է Հայաստանի միացումը «Գլոբալ կառավարման բարեկամների խմբին». դեսպան

Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերություններն այս տարի հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը լայն հեռանկարներ է բացում երկու երկրների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Չինաստանը ողջունում է Հայաստանի միացումը ՄԱԿ-ում վերջերս ստեղծված «Գլոբալ կառավարման բարեկամների խմբին»։ Հայաստանում ՉԺՀ դեսպան Լի Սինվեյի խոսքով՝ Պեկինը դա դիտարկում է որպես կարևոր ներդրում Երևանի հետ բազմակողմ փոխգործակցության ամրապնդման գործում:
Չինացի դիվանագետն այսօր ելույթ է ունեցել «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը. կառավարման փորձի փոխանակման երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին կից Կոնֆուցիուսի ինստիտուտը:
«Աշխատող նախագիծ է». Հայաստանում Չինաստանի դեսպանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին
Ինչպես նշել է դեսպանը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս տարի նախաձեռնություն է ցուցաբերել համաշխարհային կառավարման ոլորտում, ինչին իր աջակցությունն է հայտնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դեսպանի կարծիքով՝ չինական կառավարման մոդելը գլոբալ կառավարումից անբաժանելի է։
«Մենք (Չինաստանը և Հայաստանը) ձգտում ենք մեր ժողովուրդների ազգային զարգացմանն ու բարեկեցությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում խաղաղությանը։ Մենք գործընկերներ ենք խաղաղ զարգացման և գլոբալ կառավարման ոլորտում։ Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր զարգացման փորձն ու հնարավորությունները», – ասել է դիվանագետը։
Դեսպանը հիշեցրել է, որ Երևանի և Պեկինի միջև երկկողմ հարաբերություններն այս տարի հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նա վստահ է, որ դա լայն հեռանկարներ է բացում երկու երկրների համար։
Հիշեցնենք, որ «Գլոբալ կառավարման բարեկամների խումբը» պաշտոնապես հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանին կից։
Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,7 մլրդ դոլարը. դեսպան
Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կնքել են 2025 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցի ժամանակ: