ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Էլեկտրական շարժիչով մեքենաները` անկախ թողարկման ամսաթվից, առանց ԱԱՀ–ի վճարման հնարավոր կլինի Հայաստան ներմուծել մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը: 2–րդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ–ն այսօր ընդունեց Էկոնոմիկայի նախարարության կազմած «Հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 63, ձեռնպահ` 8 պատգամավոր։ Դեմ չկար։
Ի սկզբանե նման ռեժիմը պետք է գործեր մինչև հունվարի 1–ը, բայց քաղաքացիների խնդրանքով այն երկարաձգվեց։ Շատերը պատվիրել են էլեկտրամոբիլներ և դեռ սպասում են դրանց առաքմանը Հայաստան:
2026 թ. փետրվարի 1–ից սկսած ԱԱՀ չի գանձվի միայն 2024 թվականին և դրանից հետո արտադրված էլեկտրամոբիլների համար: Իշխանությունների խոսքով` դա արվել է երկրում ավտոպարկի թարմացումը խթանելու և օդի աղտոտվածության դեմ պայքարի համար։
Բացի այդ, 2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստացել է 15 հազար էլեկտրամոբիլների` առանց մաքսատուրքի (չշփոթել ԱԱՀ հետ–խմբ.) ներմուծման քվոտա։ ՀՀ իշխանությունները որոշել են այդ արտոնությունը տարածել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների վրա։
Նշենք, որ Հայաստանում արդեն կա 30–40 հազար էլեկտրամոբիլ։