«Աշխատող նախագիծ է». Հայաստանում Չինաստանի դեսպանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին

Չինական դիվանագետն այս նախագիծը հեռանկարային է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Չինաստանը ուշադրությամբ հետևում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ այն համարելով Հայաստանում տարատեսակ ոլորտների զարգացման լավ հնարավորություն: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանում ՉԺՀ դեսպան Լի Սինվեյը՝ պատասխանելով «Թրամփի ուղու» մասով Պեկինի դիրքորոշման մասին հարցին։
«Երբ ես, նախքան «Թրամփի ուղու» առաջարկը, ժամանեցի Հայաստան, սկսեցի ուսումնասիրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այն աշխատող նախագիծ է, և ես խորհուրդ կտայի ավելի շատ ուշադրություն դարձնել դրան»,– ասաց դիվանագետը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանը հայտարարեց «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային-լոգիստիկ նախագծի ստեղծման մասին։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանը համաձայնեց «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ստեղծելու համար համագործակցել ԱՄՆ-ի և երրորդ կողմերի հետ: TRIPP-ը թեև սպասարկվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, սակայն համաժամանակեցված է և «Խաղաղության խաչմերուկի» մաս է կազմում: