ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Անցած գիշեր Բոստոնի արվարձանում գտնվող իր տանը սպանվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր Նունո Լուրեյրուն։ Տեղեկությունը հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 47-ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել հրազենային վնասվածքներով։ Բժիշկները մի քանի ժամ պայքարել են Լուրեյրուի կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Պրոֆեսորի բնակարանից ոչ հեռու ապրող ուսանողուհին պատմել է, որ երեք բարձր ձայն է լսել։
Լուրեյրուն համարվում է միջուկային էներգիայի և ջերմամիջուկային սինթեզի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։ Նա ուսումնասիրել է Արեգակի վրա հզոր բռնկումների առաջացումը, ինչպես նաև կլիմայի փոփոխություններին դիմակայելու համար ջերմամիջուկային միաձուլման միջոցով մաքուր և գործնականում անսահման էներգիա ստանալու միջոց է որոնել:
Գիտության մեջ իր ներդրման համար նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ լավ դասավանդման համար, Ռութ և Ջոել Սփիրի, ինչպես նաև պլազմայի հետազոտության նվաճումների համար՝ Թոմաս Սթիքսի մրցանակներ:
Գիտնականը հրապարակայնորեն աջակցում էր Իսրայելի քաղաքականությանը: