ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել 15 քաղաքացու, որոնք Բելառուսում միացել են իրենց ընտանիքներին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
Նրա խոսքով՝ այսօր Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Լուբինեցի հետ հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Կուրսկի մարզի բնակիչների վերադարձն է:
«Օրակարգի թիվ մեկ հարցը Կուրսկի 12 բնակիչների վերադարձն է. մենք ամեն օր կապի մեջ ենք նրանց հարազատների և մտերիմների հետ», - ասել է նա լրագրողներին:
Մոսկալկովան նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերի կողմից Խերսոնի մարզի գնդակոծման պատճառով հինգ մարդու չի հաջողվել տանել Բելառուս, որտեղ նրանց սպասում են ընտանիքները:
«Առայժմ չեն մեկնել Խերսոնի մարզի մեկ ընտանիքի անդամներ, քանի որ այնտեղ բարդ օպերատիվ իրավիճակ է... մենք կխոսենք ուկրաինական կողմի հետ և կփորձենք «լռության ռեժիմի» հաստատմամբ ապահովել ընտանիքների վերամիավորումը», - ասել է Մոսկալկովան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։