ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ-ում շրջանառվող գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակով հիվանդացությունը կանխարգելելու համար արդեն իսկ 171 000 դեղաչափ պատվաստում է իրականացվել։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։
Նշենք, որ Հայաստանում ներկա պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, ինչպես նաև բոկավիրուսը և ռինովիրուսի հարուցիչները։ Հիվանդությունները հիմնականում նկատվում է 0-18 տարեկանների շրջանում։
«Սեպտեմբերի 8-ից ամբողջ հանրապետությունն ապահովված է սեզոնային գրիպի համար նախատեսված քառավալենտ պատվաստանյութով, որի բաղադրության մեջ հենց H3N2 ենթատեսակը ներառված է։ Հետևաբար, պատվաստվելով` կանխարգելում ենք հենց այս ենթատեսակը։ Յուրաքանչյուր տարի բնակչության շրջանում նկատվում են պատվաստման պահանջարկի բարձրացման միտումներ։ 171 000 դեղաչափ պատվաստում է իրականացվել, նախորդ սեզոնի նույն ժամանակահատվածում եղել է 134 000 դեղաչափ»,- ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց՝ գրիպի ամբողջ սեզոնի ընթացքում պատվաստվելը ցուցված է, բայց նախընտրելի է այդ ամենը կազմակերպել մինչև սեզոնի սկսվելը։ Ընդգծեց՝ հանրապետության 85,4 տոկոսն արդեն պատվաստվել է։
Ռիսկային խմբերն են 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65+ տարեկանները, բուժաշխատողները և այլք։