ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել ավտոմեքենաների վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Երկու համայնք Ուկրաինայի զինված ուժերի թիրախում են։ Վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Առաջին դրոնը Գրայվորոնի շրջանի Նովոստրոևկա գյուղում հարձակվել է մարդատար մեքենայի վրա։ Ոտքերի բազմաթիվ բեկորային վերքեր ստացած տղամարդուն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոցում։ Շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Մեքենան վնասվել է»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետի խոսքով` Գլոտովո գյուղում ընթացքի մեջ գտնվող մարդատարի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ամուսիններ են վիրավորվել:
«Ականապայթյունային, ինչպես նաև բեկորային տարբեր վնասվածքներով տղամարդուն և կնոջը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել Գրայվորոնի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Հետագա բուժման համար նրանք ուղարկվել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Մեքենան վնասվել է», – հայտնել է Գլադկովը։
Դրա հետ մեկտեղ, Գորա-Պոդոլ գյուղում դրոնի հարվածից վնասվել են առանձնատան ապակիները և մարդատար ավտոմեքենա: Սանկովո գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է տուն, առանձնատան ցանկապատ, ինչպես նաև մարդատար ավտոմեքենա:
Վալույսկի շրջանում Կազինկա-Բորկի ճանապարհահատվածում FPV-դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա և ոչնչացրել այն: Լեոնովկայում FPV-դրոնի պայթյունի արդյունքում վնասվել են մասնավոր տան ապակիները։ Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: