ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը մասնակցել Չիլինգարովի անվան բևեռային գիտահետազոտական սառցե բազայի ստեղծմանը:
Պուտինը հանձնարարականը տվել է Ռուսական աշխարհագրական ընկերության 17-րդ համագումարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով: Զեկույցը պետք է ներկայացվի մինչև հունվարի 15-ը:
«Պուտինը 2025 թվականի հոկտեմբերի 23-ին հաստատել է «Ռուսական աշխարհագրական ընկերություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության XVII համագումարի և նրա հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հանձնարարականների ցանկը... Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ մասնակցել Ա.Ն.Չիլինգարովի անվան Բևեռային հետազոտական սառցե բազայի ստեղծմանը՝ որոշելով դրա համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալը և աղբյուրները», - ասված է Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթում։
Հայազգի ռուսաստանցի բևեռախույզ, գիտնական Արթուր Չիլինգարովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր, եղել է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտություններով զբաղվող միջազգային գիտական կազմակերպությունների ղեկավարության կազմում: Նա հեղինկել է ավելի քան 50 գիտական աշխատություններ։
Չիլինգարովը մահացել է 2024 թվականի հունիսի 1-ին, 85 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։