Նորմալ է, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանենք․ Պապոյանը՝ ԵՄ-ին դիմելու մասին

Գևորգ Պապոյանը հիբրիդային պատերազմ սկսելու մասով որևէ երկրի անուն չտվեց, բայց ոչ ուղիղ տեքստով ակնարկեց որոշ շրջանակների, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նորմալ է համարում հիբրիդային պատերազմներից ՀՀ ժողովրդավարությունը պաշտպանելու համար ԵՄ-ին դիմելը։ Այս մասին նա այսօր ասաց ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով այն լուրերին, թե իբր Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար։
Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ընդունեցին
Ինչպես հայտնի է, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու խնդրանքով։ Նա ընդգծել է՝ քննարկելու են, թե ինչպես են այս հարցում օգնելու Հայաստանին։
«Ես այդ քննարկումներին չեմ մասնակցել։ Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր է` լինի հիբրիդային հարձակում. մասնավորապես` մեր ժողովրդավարությունը կարող է վտանգի տակ դրվել։ Կարող է տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների՝ ազդել ընտրությունների վրա»,- նշեց Պապոյանը։
Ճշտող հարցին՝ Ռուսաստանը, թե ԵՄ-ն են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ տանում, Պապոյանը կոնկրետ պատասխան չտվեց։ Նա ընդգծեց՝ իր համար էական չէ՝ որևէ օլիգարխ, այլ երկրի նախկին պաշտոնյա, թե ինչ-որ պետություն է փորձում կաշառքով, կեղծ լուրեր տարածելով ազդել ժողովրդավարության վրա։ Նրա խոսքով՝ ժողովրդավարության պարտավորությունն է` պաշտպանել ինքն իրեն, ու դրա համար պետք է ունենալ փող, անհրաժեշտ ուժ ու ժամանակ, նաև գիտելիքներ՝ կտրուկ գործելու համար։
«Կարծում եմ, որ ԵՄ երկրներում ժողովրդավարության փորձն ու պատմությունը, ինչպես նաև տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել»,- ասաց Պապոյանը։
Ժողովրդավարությունը պաշտպանել չկարողանալու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարն օրինակ բերեց այն, որ Գերմանիայում տարիներ առաջ Հիտլերը եկավ իշխանության։ Հետևություն արեց՝ Եվրոպայում էլ են տարիների ընթացքում սովորել պաշտպանել իրենց ժողովրդավարությունը, դա միանգամից չի եղել։
2026–ի «մոլդովական սցենարը» ֆինանսավորված է. Սուրենյանցը ընդդիմության միավորման հույս ունի
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵՄ–ն պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի և կիբեռանվտանգության համար։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի` աջակցության նպատակն է բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին: Սրան զուգահեռ` դեկտեմբերի 1-4-ը Քիշնև էր գործուղվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` մասնակցելու «Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության ու հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցությունը. 2024-2025 թվականների ընտրությունների Մոլդովայի փորձը» խորագրով միջոցառմանը։