«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

Նորածին. Արխիվային լուսանկար
«Ռոսպոտրեբնադզորը» ևս հայտնել էր, որ «Նեսթլեի» բոլոր խմբաքանակները, որոնցում հայտնաբերվել է ceresulid տոքսինի պարունակություն, արգելափակվել են և չեն մատակարարվել Ռուսաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուդի որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստան ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ–ում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Նեսթլե» ընկերությունն է նաև տեղեկացրել, որ նշված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։
Ընկերությունից նաև վստահեցրել են, որ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող «Նեսթլե» ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին։
Ավելի վաղ, «Ռոսպոտրեբնադզորը» ևս հայտնել էր, որ «Նեսթլեի» բոլոր խմբաքանակները, որոնցում հայտնաբերվել է ceresulid տոքսինի պարունակություն, արգելափակվել են և չեն մատակարարվել Ռուսաստան: