ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կրասնոդարի քաղաքային դումայի պատգամավորներին՝ իրեն «Կրասնոդար քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու առաջարկի համար:
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում սիրելի Կրասնոդարի քաղաքային դումայի պատգամավորներին նման նախաձեռնության համար։ Այս լուրը ինձ պարզապես զարմացրեց և շատ ուրախացրեց։ Շնորհակալ կլինեմ, եթե քվեարկեք»,-գրել է Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքին նախաձեռնության համար և նշել, որ հայրենիքին ծառայելն իր համար մեծ հպարտություն է:
«Շնորհակալություն, Կրասնոդար։ Շնորհակալություն, հարազատս», - գրել է նա։
Ըստ քաղաքային դումայի կայքում տեղադրված օրակարգի՝ Մարգարիտա Սիմոնյանին «Կրասնոդար քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցը կքննարկվի դեկտեմբերի 18-ի նիստում:
«Ռոսիա սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ծնվել և սովորել է Կրասնոդարում և լրագրողական կարիերան սկսել է որպես «Կրասնոդար» հեռուստառադիոընկերության թղթակից: