Թեհրանը վճռականորեն դեմ է դրան. Իրանում ՀՀ դեսպանը և Ալի Վելայաթիին քննարկել են TRIPP–ը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը նշել է, որ այս սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ–ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Հարավային Ռուսաստանի անվտանգության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»։ IRNA գործակալության փոխանցմամբ` Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան:
«Իրանն ի սկզբանե դեմ է հանդես եկել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից»,– հայտնել է պարբերականը:
Նրա խոսքով՝ այս սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ–ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Հարավային Ռուսաստանի անվտանգության համար:
Վելայաթին նշել է նաև, որ ԱՄՆ–ն իր նախագծերի միջոցով գերզգայուն տարածաշրջաններ ներթափանցելու պատմություն ունի։ Այդ նախագծերը ներկայացվում են` որպես տնտեսական նախաձեռնություններ, սակայն նման ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվում է մինչև ռազմական և անվտանգային բնագավառներ:
Իրանում ՀՀ դեսպանությունը բավարարվել է միայն պաշտոնական հաղորդագրությամբ։ Դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար։
«ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու` Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայուն հարցերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։