ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտից օգտվող անձանց մի մասը, մասնավորապես երիտասարդները չարամտորեն չեն վճարում երթևեկության համար։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու առումով, վստահաբար կա։ Մարդիկ ինձ գրում են, որ շատերը, հիմնականում երիտասարդները չարամտորեն խուսափում են վճարելուց։ Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում փոփոխություն է լինելու, նոր մարդիկ են ավելանալու»,- ասաց Ավինյանը։
Նշվեց, որ 24 անձ է ավելանալու, որպեսզի ավելի արդյունավետ կարողանան կազմակերպել հսկողությունը։
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ներկայացրեց տոմսային համակարգում արձանագրված վավերացումների մասին։ Տրոլեյբուսներում վավերացվել է 92 161 տոմս, մետրոպոլիտենում՝ 547 663, ավտոբուսներում` 1 872 321, այսինքն` 59 034-ով կամ 2,4 տոկոսով դրական տարբերություն կա։
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։