Ավստրալիայում ահաբեկչության զոհերի թվում կան ռուսաստանցիներ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ-ն խստորեն դատապարտում է ծայրահեղականների բարբարոսական հարձակումը, որի հետևանքով սպանվել է 16 անմեղ քաղաքացի, այդ թվում՝ 10-ամյա մի աղջիկ, վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդայ լողափում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչպես հայտնի է դարձել, ահաբեկչության զոհերի թվում, ցավոք, կան նաև Ավստրալիայում մշտապես բնակվող մեր հայրենակիցներ», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Դիվանագետը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ծայրահեղականների բարբարոսական հարձակումը, որի հետևանքով սպանվել են 16 անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ, վիրավորվել տասնյակ մարդիկ:
«Մշտապես հանդես ենք գալիս բոլոր ձևերով և դրսևորումներով ահաբեկչության դեմ անզիջում պայքարի օգտին։ Կոչ ենք անում միավորել աշխարհի բոլոր երկրների ջանքերը՝ համատեղ հակազդելու այս բարբարոսությանը։ Խորին ցավակցություն ենք հայտնում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և բոլոր տուժածներին», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Դեկտեմբերի 14-ին անհայտ անձինք կրակ են բացել Սիդնեյի Բոնդայ լողափում գտնվող մարդկանց վրա։ Իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել Խանուկայի տոնի մոմերի վառման արարողության ժամանակ, որին մասնակցում էին տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 16 մարդ, այդ թվում՝ հրաձիգը: Եվս 38 մարդ վիրավորվել է։