ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսը Սիրիայում տեղի ունեցած հարձակմանը արձագանքելու հարցում կաջակցի նախագահ Դոնալդ Թրամփին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է հանրապետական սենատոր Ջիմ Բենքսը։
«Ամերիկյան ուժը կհաղթի... Մենք կգտնենք և կպատժենք մեղավորներին, և Կոնգրեսը նախագահին կաջակցի այդ գործողություններում», – ասել է Բենքսը «Fox News»-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է սենատորը, Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում ոչնչացրել է ԻՊ*–ի խալիֆայությունը՝ «առանց նոր անվերջ պատերազմ սկսելու»։
«Նա դա կրկին կանի, և ես կաջակցեմ նրան», – վստահ է Բենքսը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ դեկտեմբերի 13-ին Սիրիայի Պալմիրա քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել են երկու ամերիկացի զինծառայողներ և մեկ քաղաքացիական թարգմանիչ, երեք անձ վիրավորվել է։ Սիրիայի ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Պալմիրայում զինվորականների վրա ԻՊ* անդամ է հարձակվել։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականների վրա հարձակվողը սպանվել է գործընկեր ուժերի կողմից։
*ԻՊ-ն (Իսլամական պետություն) Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։