ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի — Sputnik. Ավստրալիայի Բոնդայի լողափում հրաձգության հետևանքով 12 սպանվածներից բացի, վիրավորվել է 29 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Այս մասին կիրակի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Նոր Հարավային Ուելսի ոստիկանության պետ Մել Լենիոնը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին զոհերի թիվը 12 է։ Եվս 29 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան։ Նրանք բոլորը տեղափոխվել են Սիդնեյի հիվանդանոցներ։ Երկու ոստիկան և ևս մի քանի մարդ ծանր վիճակում են, մյուս վիրավորները տարբեր ծանրության վիճակում են։ Մենք բոլորս աղոթում ենք նրանց ապաքինման համար»,-- ասել է նահանգի ոստիկանապետը։
Այսօր անհայտ անձինք կրակ են բացել Սիդնեյի Բոնդայ լողափում գտնվող մարդկանց ուղղությամբ: Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը նշել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Խանուկայի մոմերի վառման արարողության ժամանակ, որին մասնակցել են տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: