Հենասյուներն են վնասվել. ՀԷՑ–ը` հոսանքազրկումների պատճառների մասին

ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հանրապետության մի շարք հատվածներում հոսանքազրկումներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀԷՑ–ը։
«Ուժեղ քամիների հետևանքով այսօր` ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ»,–հայտնում է ՀԷՑ–ը։
Նշվում է, որ ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժեղ քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել։ Տեղեկություն էր տարածվել նաև, որ ուժեղ քամին կոտրել ու տապալել է նաև Ապարանի գլխավոր տոնածառը։ Ավելի ուշ Ապարանի համայնքապետարանից հերքել էին, որ տոնածառը վնասվել է։ Նրանք նշել էին, որ վնասվել են տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները։