Բեյրութից ժամանած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Երևանում ուժեղ քամու պատճառով

Կազանից և Սանկտ Պետերբուրգից չվերթները նույնպես ուշացումով կժամանեն Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Լիբանանից Հայաստան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ երեկ ուժեղ քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել։
«Զվարթնոց» օդանավակայանից չեն նշել, թե ինքնաթիռը որ ուղղությամբ է թռել։ Կրասնոդարից դեպի Երևան չեղարկված Azimuth Airlines ավիաընկերության չվերթի վերաբերյալ «Զվարթնոց» օդանավակայանը պարզաբանել է, որ չեղարկումը կապված չէ Երևանում ուժեղ քամիների հետ։
Կազանից և Սանկտ Պետերբուրգից չվերթները նույնպես ուշացումով կժամանեն Երևան։
Հիշեցնենք, ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի։