Արագածոտնի թեմի հաշվապահը ստիպված է եղել խախտել պրոբացիոն կարգը. փաստաբան

Մարինե Ֆարմանյանը հուսով է, որ Նաիրա Ալավերդյանի խափանման միջոցը կփոխեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանը ստիպված է եղել խախտել պրոբացիայի ծառայության կարգը, քանի որ եղել է նախաինսուլտային վիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Հոկտեմբերի 17-ին հայտնել էինք, որ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նրա խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Օրեր առաջ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ստացել է բժշկական օգնություն ու վերադարձել։ Հիմա ես լիահույս եմ, որ Ալավերդյանի տնային կալանքի ժամկետը չի երկարացվի, քանի որ այնտեղ բացարձակ հիմք չկա»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։