ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ հետագայում Դոնբասում զորքեր չեն տեղակայվի, բայց կլինի «Ռոսգվարդիան» և այն ամեն միջոցները, որոնք անհրաժեշտ են կարգը պահպանելու համար: Այս մասին նա ասել է «Կոմերսանտ» պարբերականին։
«Այսինքն՝ հրադադարը կարող է տեղի ունենալ միայն ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո։ Իսկ թե ինչ կլինի այնտեղ (Դոնբասում-խմբ.) հետո՝ դա, իմ կարծիքով, կարելի է քննարկել։ Միանգամայն հնարավոր է, որ այնտեղ ուղղակիորեն զորքեր չլինեն՝ ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական։ Այո՛, բայց կլինի «Ռոսգվարդիա», կլինի մեր ոստիկանությունը, կլինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է կարգուկանոնը պահպանելու և բնակիչների կյանքը կազմակերպելու համար»,- ասել է Ուշակովը։
Նա նաև հայտարարել է, որ Դոնբասը վաղ թե ուշ կանցնի Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ։
«Վաղ թե ուշ։ Եթե ոչ բանակցային, ապա ռազմական եղանակով այդ տարածքը (Դոնբասը - խմբ.) կանցնի Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողության տակ։ Միայն դրանից կախված կլինի մնացած ամեն ինչ», - ասել է Ուշակովը։