ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթքի հանքում ադրբեջանական և հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու, թե ինչ գործընթացներ են ընթանում: Գրիգորյանի գրասենյակից թերթին ասել են, որ Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:
Սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպե՞ս են նման գործողություններ իրականացվում հարցին գրասենյակից պատասխանել են, թե սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսից Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերական գնդակոծությունների հետևանքով Սոթքի բացահանքում աշխատանքը դադարեցվել է։