ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը շաբաթվա ընթացքում մեկ զանգվածային և հինգ խմբակային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և դրանց սպասարկող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքին: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների՝ դեկտեմբերի 6-12-ը հասցվել են մեկ զանգվածային և հինգ խմբակային հարվածներ, այդ թվում՝ «Կինժալ» աերոբալիստիկ հիպերձայնային հրթիռներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածների արդյունքում խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկություններ, դրանց աշխատանքն ապահովող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներ, Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող տրանսպորտային, օդանավակայանների և նավահանգիստների ենթակառուցվածքներ, հեռահար գործողության ԱԹՍ-ների հավաքման և պահպանման արտադրամասեր, նախաթռիչքային պատրաստության և գործարկման վայրեր, վառելիքի և ռազմատեխնիկական գույքի պահեստներ, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր:
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական ԱԹՍ-ների ամենամեծ ակտիվությունը նկատվել է Օդեսայի մարզում:
ՌԴ ԶՈւ հարվածները հաջորդել են Տվերում բազմահարկ շենք վնասած ուկրաինական դրոնի պայթյունին: Ուկրաինական հարձակման հետևանքով շենքում փլուզում էր եղել, վնասվածքներ էր ստացել 7 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։