ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բանակի նախարար Դեն Դրիսքոլին հեռացրել է Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելուց` համարելով, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Այս մասին հայտնում է Telegraph թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հեգսեթի կարծիքով` Դրիսքոլը «չափն անցել է», և Պենտագոնի «ավելի ու ավելի պարանոյիդ» ղեկավարը որոշել է «խաղաղեցնել» նրան, քանի որ բանակի նախարարի գործողությունները չափազանցված է համարել:
Պարբերականի տվյալներով` Դրիսքկոլը պետք է կրկին այցելեր Ուկրաինա` բանակցությունները շարունակելու համար, ինչպես նաև մասնակցեր դեկտեմբերի 1-ին Փարիզում կայացած հանդիպմանը, սակայն դա տեղի չի ունեցել: Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները Դրիսքոլի բացակայությունը գնահատում են որպես ԱՄՆ վարչակազմի ներսում բանակցային գործընթացի վերահսկողության համար պայքարի նշան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հրավեր է ստացել մասնակցելու դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում սպասվող բանակցություններին, որտեղ պետք է հանդիպեն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել բանակցություններին միայն այն դեպքում, եթե խաղաղության համաձայնագրի կնքման իրական հեռանկար հայտնվի, և եթե մասնակցությունն արդարացված համարվի ժամանակ ծախսելու տեսանկյունից: