ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում, զոդման աշխատանքներ իրականացնելիս դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով նաև հրդեհ է բռնկվել:
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 14։53-ին:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել է 15 գ․մ էլ․ մալուխ և էլ․գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է։
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ։